ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի. Ալեն Սիմոնյանն ընդունել է Իվան Կորչոկին

17:46, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

«Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ասել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտել է Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, եւ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը պահպանելու եւ խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

Նա բարձր է գնահատել  Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ¦ եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ¦ բանաձեւերի ընդունումը:

ԱԺ նախագահն ընդգծել է,, որ այս պահին առաջնային է  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարեւորել է դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են  Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին:

 

 


© 2009 ARMENPRESS.am