Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին

12:48, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, որովհետև, ըստ պատգամավորի, դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Թունյանը ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։

«Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- հավելեց Թունյանը։

Պատգամավորի կարծիքով՝  այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում, ինչը ,բնականաբար, պետք է արագ կարգավորվի։

«Այսինքն, որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը»,- շեշտեց Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ դեռ բավարար տեղեկություններ չունի, որպեսզի կարողանա գնահատական տալ Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված։

«Այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»,- եզրափակեց Թունյանը։


© 2009 ARMENPRESS.am