Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին

19:36, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են: «Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,- ասել է Զախարովան։



© 2009 ARMENPRESS.am