ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

15:49, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջև:

Դրա համար ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:

«ՀայՓոստը մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար: Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում և անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի:


© 2009 ARMENPRESS.am