Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել

12:32, 4 Սեպտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 4  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն   մինչ օրս  տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել:

Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու:

Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի  82 ընտրատեղամաս:

«Արդեն առաջադրումների երրորդ օրն է, բայց դեռ այս պահին ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, հետաքրքրվողներ էլ չեն եղել: Միայն հայցադիմումի մասով մի քաղաքացի էր դիմել, որը չէր կարողացել կայքից վերցնել, խնդիրն այս պահին հարթվել է»,- «Արմենպրես»-ին  տեղեկացրեց  թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ առաջադրումների համար ժամանակ է հատկացված մինչև սեպտեմբերի 12-ը՝ 18:00, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:  


© 2009 ARMENPRESS.am