Գեղարքունիքի մարզում կիրականացվի հոգեկան առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր

13:40, 2 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպությունը կիրականացնի հոգեբանական առողջության եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր համավարակից եւ Արցախյան վերջին պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հավաստեցին «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի վարիչ Դագոբերդ Բլոնդոնը եւ հոգեբան Աիդա Առաքելյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում։ «Մեր ծրագրի շահառուները կլինեն համավարակից ու պատերազմից տուժած, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչները։ Կարծում ենք, որ Գեղարքունիքի մարզում մեծ թիվ են կազմում այն ընտանիքները, որոնք հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Մենք այժմ պետք է ուսումնասիրենք ընդհանուր իրավիճակը, գնահատենք կարիքները, ինչից հետո միայն ծրագիրը կդրվի գործողության մեջ։ Այդ պատճառով էլ այժմ կատարում ենք այցեր մարզի սահմանամերձ բնակավայրեր, առողջապահական հաստատություններ, հանդիպումներ ենք ունենում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, որպեսզի կարողանանք հստակորեն գնահատել կարիքները եւ ծրագիրն իրականացնել հասցեական ու արդյունավետ։ Իսկ դրա համար շատ կարեւոր է մարզպետարանի աջակցությունն ու համագործակցությունը։ Մենք համատեղ քննարկման արդյունքում պետք է ճշտենք, թե ինչ կարգով պիտի իրականացվի հոգեբանական աջակցությունը՝ տնային այցերի միջոցո՞վ, թե՞ առողջապահական հաստատություններ շահառու ընտանիքներին հրավիրելով։ Համատեղ քննարկումներ են անհրաժեշտ նաեւ այլ հարցերի շուրջ։ Ամենայն հավանականությամբ, ծրագիրը գործողության մեջ կդրվի 2022 թվականի հունվարից»,- ասացին «Փրեմիեր ուրժենս ինթերնեշնլ» կազմակերպություն ներկայացուցիչները։

Մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, կարեւորելով ծրագրի հրատապությունն ու բովանդակությունը, հավաստիացրեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները պահանջված աջակցություն կցուցաբերեն ինչպես կարիքների ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ ծրագրի իրականացման ողջ ընթացքում։ «Մեր մարզի շատ ընտանիքներ են հայտնվել հոգեբանական ծանր վիճակում։ Դրանք Արցախյան վերջին պատերազմում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներն են, սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքները, որոնք այժմ գտնվում են թշնամական ուժերի անմիջական սպառնալիքի ներքո։ Քիչ չեն նաեւ համավարակից տուժած ընտանիքները, ուստի ծրագրի կարիքն ու հրատապությունը միանգամայն զգալի է։ Մարզպետարանն այս ծրագրին կաջակցի բոլոր խնդիրներում»,- նշեց մարզպետի տեղակալը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am