Խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննա բերք. Վահան Քերոբյան

12:55, 2 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարի ժամկետից երկարաձգվել է մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն: Մյուս կողմից՝ հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, հնարավորություն կունենան ապագայում ավելի շատ արտահանել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է ընթանում:

«Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցյալ տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա, հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ գրանցել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,-ասաց Քերոբյանը:

«Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել: Նա դիմեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին՝ նշելով, թե նախարարությունն ամենօրյա ռեժիմով պետք է աշխատի, որ չլինեն փակված փողոցներ, ակցիաներ.«Հիմնավորված որևէ ակցիա չպետք է տեղի ունենա, և դա Ձեր պատասխանատվության դաշտում է»:


© 2009 ARMENPRESS.am