Սերգեյ Լավրովը գոհ է ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից

17:23, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գոհ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունից, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

«Հուսով ենք, որ այդ աշխատանքային խմբի գործունեությունը և  հաղորդակցության ապաշրջափակումը կօգնի ոչ միայն Հարավային Կովկասի տնտեսական աճին, այլև ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման  և բարգավաճման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Լավրովը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որ հայկական կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մոսկվայում 2021 թվականի հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:

 


© 2009 ARMENPRESS.am