44-օրյա պատերազմի մասնակիցների առջև դռները կբացի Հերոսների վերականգնողական քաղաքը. ծառայություններն անվճար կլինեն

13:26, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզանից ոչ միայն մոտ 4 հազար (պաշտոնական տվյալներով) մարդկային կյանք խլեց, այլև հազարավոր տղաների ֆիզիկական ու հոգեկան խեղման պատճառ դարձավ։ 18-20 տարեկան երիտասարդներ, ովքեր սեփական աչքերով են տեսել իրական դժոխքը, ընկերոջ մահը, հաճախ՝ մի ամբողջ վաշտի կորուստ են վերապրել։ Ու այդքանից հետո բնական հունով քաղաքացիական, լիարժեք կյանքին ինտեգրվելը ոչ միայն հեշտ չէ, այլև նույնիսկ գրեթե անհնար է։

Պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, լրագրող Սուրեն Արեենցն ու իր թիմը որոշեցին հիմնել Հերոսների վերականգնողական քաղաքը, որտեղ հոգեբանության արդիական մեթոդներով կյանք կվերադարձնեն պատերազմը վերապրածներին։

«Սկսած Ապրիլյան պատերազմից՝ պարզ դարձավ, որ պատերազմի ձևերը, դրա պատճառած վնասի տեսակները փոխվում են։ Մենք, ցավոք, արդեն խնդիր ունենք ոչ միայն ամպուտացված զինվորների հետ։ Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում մասսայական ոչնչացումները հոգեկան լուրջ խնդիրներ առաջացրեցին ռազմաճակատում գտնվող մեր տղաներից շատերի, նաև քաղաքացիների մեջ, որոնց զավակներն այդպես էլ չվերադարձան։ Բարեբախտաբար, կա Զինվորի տունը, որն ամբողջությամբ  պրոթեզավորմամբ, ֆիզիկական վերականգնմամբ է զբաղվում, կան ևս մի քանի կենտրոններ, որոնք այս պատերազմից հետո սկսել են ինչ-որ չափով թոթափել բեռը, բայց չունենք մի կենտրոն, որը լրջորեն զբաղվի հոգու առողջությամբ, վերականգնմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը:

Հերոսների վերականգնողական քաղաքի առաջին մասնաճյուղը գործելու է Պռոշյան համայնքում։ Կենտրոնը բարերարներից 6 000 քմ հող է նվեր ստացել ու անմիջապես անցել աշխատանքի։ Պուրակի 50 տոկոսի կառուցումը կավարտվի շուրջ մեկ ամսից, գրեթե ավարտին է մոտենում դեռևս 110 քմ մակերեսով շենքի կառուցումը։ Հաջորդիվ կհիմնվի 1000 քմ մակերեսով հոգեբանական վերականգնողական երկհարկանի կենտրոն՝ կլինիկական բոլոր հարմարություններով։ 

Այս գործում պետության աջակցությունը մեծ չի եղել. կազմակերպիչները, շնորհիվ գյուղապետարանի, կարողացել են խուսափել թղթատարական քաշքշուկներից։ 1 մլն դրամ աջակցություն էլ Շրջակա միջավայրի նախարարությունն է տրամադրել, որպեսզի կարողանան ջրամատակարարման համակարգ անցկացնել։

«Տարածքը նվիրել են այն անհատ բարերարները, որոնց օգնությամբ և աջակցությամբ պատերազմի օրերին դեղորայք ենք ուղարկել սահման։ Ու երբ ասացինք, որ ցանկանում ենք նմանատիպ կենտրոն հիմնել, նրանք մեզ հողատարածք նվիրեցին, որտեղ արդեն 100 հազար դոլարից ավել ներդրում ենք արել։ Մեր աջակիցները մեր ընկերներն են, մարդիկ, ովքեր մեզ հետ են եղել պատերազմական 44 օրերին: Վստահություն ձեռք բերեցինք, և նրանք որոշեցին օգնել, որ մենք էլ տղաներին օգնենք։ Նաև կան ֆոնդեր, որտեղ մանր-մանր գումարներ են հավաքվում, և մենք ժամանակ առ ժամանակ դրանք ներդնում ենք աշխատանքի մեջ։ Ասեմ, որ կենտրոնն ունի հոգաբարձուների խորհուրդ, որը կազմակերպում և կառավարում է ներդրված գումարները։ Խորհրդում ներգրավված են հոգեբաններ, շինարարներ և այլ մասնագետներ»,- ընդգծեց Ս. Արեենցը:

Հերոսների վերականգնողական քաղաքն իր առաջին քայլերը սկսել է մասնագետների վերապատրաստումից, ինչը  հնարավորություն կտա բացումից հետո, առանց ժամանակ կորցնելու, անցնել  գործի։ Ի դեպ, տղաների հոգեբանական խնամքով զբաղվելու են ոչ միայն տեղացի մասնագետները, այլ նաև՝ դրսի. Հունաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի ու տեղացի հայ հոգեբանների միասնական ջանքերով որոշվեց կիրառել մի նոր մեթոդ, և մշակվեց սոցիալական ինտեգրման ծրագիր։

«Մենք շատ զգույշ պետք է լինենք, գործ ունենք հոգու վերականգնման հետ։ Գուցե մի փոքր սխալ ընկալվեմ, բայց վնասված ոտքը կարելի է կտրել, մեկ ոտքով կարելի է ապրել, սակայն հոգին վնասելու դեպքում գուցե անդառնալի կորուստներ ունենանք: Օրեցօր ավելացող ինքնասպանությունները պատահականության արդյունք չեն։ Լավ պրոթեզավորված ու վիրահատված տղաները նաև պատերազմի առաջացրած խնդիրներին համակերպվելու կարիք ունեն… Խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն պատերազմին անմիջականորեն մասնակցած տղաների մեջ, այլև՝ զոհվածների ընտանիքներում. ժամանակ է անցնում, ցավը բթանում է, և մարդիկ այլևս գերեզմաններով չեն սփոփվում։ Հասարակության մեջ ագրեսիան կարող է մեծանալ։ Մենք գործ ունենք զոհվածի կնոջ, ընկերուհու, ծնողի, զավակի հետ, հրամանատարական կազմի հետ, էլ չխոսեմ հազարավոր տղաների մասին, ովքեր չեն համակերպվում իրենց աչքերով տեսած պատերազմի, կորցրած ընկերոջ ու այս պարտության հետ։ Նրանք դժվարանում են լիարժեք կյանք վերադառնալ։ Ինքս պատերազմի ընթացքում մի քանի անգամ այցելել եմ հոգեբանի: Այս պատերազմն այնպիսի հետքեր է թողել, որոնք չեզոքացնելը չափազանց բարդ գործ է»,- խոստովանում է զրուցակիցս:

Այստեղ սոսկ հոգեբան-բուժառու զրույց չի լինելու. բնության գրկում՝ տրամադրող պուրակում կանցնեն թերապիաները՝ մեղվաբուծության, ձկնաբուծության, ծաղիկների մշակման միջոցով, հատուկ հոգեկան առողջության ջրվեժ է կառուցվում:

Զրուցակցիս խոսքով՝ կենտրոնում ուշադրություն է դարձվելու յուրաքանչյուր թվացյալ մանրուքի վրա, շատ են կարևորվելու հոգեբանների նեղ մասնագիտական հմտությունները: Թիմն իր առջև խնդիր է դրել հոգեբանությունը որպես բուժման լուրջ մեթոդ կիրառել ու վերջ տալ մարդկանց՝ հոգեբաններին այցելելու կարծրացած բարդույթներին:

«Եկանք եզրահանգման, որ մեր մենթալիտետը թույլ չի տալիս, որպեսզի մենք գնանք հոգեբանի մոտ, թակենք դուռն ու ասենք, որ ունենք հոգեպես որոշակի անկայուն վիճակ: Մենք հիմա աշխատելու ենք մեկ այլ մեթոդով. սոցիալական աջակցության ծրագրեր են կիրառվելու, մեթոդիկան է այլ լինելու։ Պատերազմը բազմաշերտ տրավմաներ է առաջացնում, որը բուժելու համար «վիրահատական» մի մեծ անձնակազմ է պետք։ Տղաները և հոգեբանները սկզբից հեռավար կծանոթանան, այնուհետև՝ անմիջական շփման արդյունքում, կմտերմանան ու այս «քաղաքում» կապրեն, կաշխատեն ու կարարեն: Այդ կերպ բուժումն էլ ավելի արդյունավետ կլինի։ Ինչպես ժամանակին կար «վիետնամի սինդրոմը», մենք էլ հիմա, ցավոք, ունենք, «հայկական սինդրոմը» ու պիտի անպայման գտնենք այս պատերազմի վերքերի ամենակարևոր կետը, ինչը կօգնի շատ արագ հաջողության հասնել, բուժել հոգեբանական վերքերը»,- նկատում է նախագծի հեղինակը:

Թեև կենտրոնը դեռ պաշտոնապես իր դռները չի բացել, սակայն արդեն հերթագրված բուժառուներ ունի, որոնց թիվը մոտենում է գրեթե 3 հազարի: Շատերի դեպքում՝ բուժումը սկսված է. հոգեբաններն ու տղաները դեռևս հեռահար են շփվում:

Հարցին, թե ծառայությունը, արդյոք, վճարովի՞ է լինելու, նախագծի հեղինակը պատասխանեց.

«Միայն զինվորների և այն մարդկանց համար, ովքեր 44-օրյա պատերազմի պատճառով հոգեկան խնդիրներ են ձեռք բերել՝ կորցնելով տուն, ընտանիք, զավակ, ընկեր, ամուսին, երեխա, անվճար է լինելու։ Իհարկե, խոսքը վերաբերում է նաև պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքներին: Ցանկություն կար նաև վճարովի բաժանմունք ունենալ, որտեղ կսպասարկվեին մեր այն քաղաքացիները, որոնց մոտ խնդիրները պատերազմի պատճառով չեն առաջացել: Սակայն այս պահին, հաշվի առնելով մարդկանց այն քանակը, որը, ցավոք, սպասում ենք (10 հազարն անցնում է .-հեղ.), չեմ կարծում, թե հնարավորություն կունենանք պատերազմին չմասնակցած քաղաքացիական անձանց վճարովի ծառայություններ իրականացնելու»:

Ինքնաֆինանսավորման նպատակով՝ կենտրոնը կունենա սրճարան, բացօթյա խոհանոց, որտեղ տղաները ոչ միայն որպես հաճախորդներ կարող են լինել, այլ նաև աշխատողներ։

«Անձնակազմը՝ խոհարարից մինչև անվտանգության աշխատակից, համալրված է լինելու պատերազմի մասնակից մեր տղաներով, այս կերպ կլուծվի նաև նրանց աշխատանքի տեղավորման հարցը: Սա միայն բուժման վայր չի լինելու, այստեղ հոգին, մարմինն ու ուղեղը միասին են աշխատելու. տղաները նաև նոր մասնագիտություններ սովորելու հնարավորություն են ունենալու»,-ընդգծում է նախագծի հեղինակը:

«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը կունենա մասնաճյուղեր Արցախում և ՀՀ մարզերում: Կազմակերպիչներն արդեն իսկ ստացել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությունը, Արցախի հանրապետության ԿԳՄՍ, Առողջապահության նախարարությունների, սոցիալական աջակցության կենտրոնի դրական արձագանքը: Արդյունքում որոշվել է՝ Ամարասի վանական համալիրի վերանորոգման ավարտից հետո Հերոսների վերականգնողական քաղաքն իր մասնաճյուղը կունենա հենց Ամարասում:

«Սեպտեմբերից կսկսենք Արցախում գտնվող հոգեբանների վերապատրաստումը։ Մենք ունենք հուշագիր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ, որտեղ նույնպես վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքների ավարտից հետո մեր հոգեբանների մեթոդիկան կկիրառենք նաև այդ կենտրոնում՝ ընդունելով Ստեփանակերտի և հարակից տարածքների հոգեբանական խնդիրներ ունեցող տղաներին»,- զրույցը եզրափակեց Սուրեն Արեենցը:

Նելլի Մարգարյան

 


© 2009 ARMENPRESS.am