Կարեն Նալբանդյանն ազգային հավաքականին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները

12:05, 29 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին ներկայացրել է VAR համակարգի առանձնահատկությունները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները չպետք է սպասեն VAR համակարգի միջամտությանը: Ընթացքում ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները հնարավորություն են ստացել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ Կարեն Նալբանդյանի կողմից: 

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR  համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am