Մերի Գալստյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

14:44, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատել է իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս է հայտնել, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:

Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:


© 2009 ARMENPRESS.am