Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է. ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ

14:15, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի զինվորականների կողմից փակած Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված։ Հատվածը մոտ 5-6 կիլոմետր է, հստակ այս պահին չեմ կարող ասել: Բոլոր քաղաքացիները տարհանվել են՝ ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է։ Տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաեւ Սիսիանից նույնպես ուղղորդվում են, որպեսզի շրջանցիկ ճանապարհով անցնեն»,- ասել է Մկրտչյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:


© 2009 ARMENPRESS.am