Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. Արման Թաթոյան

12:29, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանը նշել է, որ այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

«Սա միջպետական ճանապարհ է, որն ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է», - նշված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Թաթոյանը հավելել է, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:


© 2009 ARMENPRESS.am