Արցախի ներկայացուցիչներն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

17:38, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության  անդամների հետ։

«Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը»,- «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am