ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

11:57, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի համար հրատապ չէ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Այդպիսի հարցադրումը հրատապ չէ: Այդպիսի քայլը չէր համապատասխանի մեր շահերին: Բացի այդ, Աֆղանստանի նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել երկրում կարգ հաստատելուն եւ ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն»,-նշել է նա: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


© 2009 ARMENPRESS.am