Ինչ են պատմում արխիվները Գարեգին Բ-ի մասին. Վեհափառ Հայրապետը նշում է ծննդյան 70-ամյակը

14:28, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատքի, ազգապահպանության գլխավոր առաքելությունը բոլոր ժամանակներում, մեծամասամբ, վստահված է հոգևոր կառույցին: Հավատքն է, որ հաճախ մեզ ստիպում է ամենադժվար պահին ուժ գտնել ու առաջ գնալ, հրաշքին հավատալ ու այդ նույն հավատքից ծնված հրաշքի ականատեսը դառնալ:

Ու եթե ազգի քաղաքական անվտանգության երաշխավորները տարբեր ժամանակներում թագավորները, նախագահները, կամ վարչապետերն են՝ իրենց դիվանագիտական ունակություններով ու քաղաքական հոտառությամբ, ապա հոգևոր կյանքում կարևոր այդ պարտականությունը  հոգևոր առաջնորդի ուսերին է:

Արդեն 2 տասնամյակ է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդը: Օգոստոսի 21-ին նա կնշի իր հոբելյանական 70-ամյակը, որից 56 տարիները նվիրել է եկեղեցուն ու նրա բարօրությանը:

Օգտվելով առիթից՝ «Արմենպրես»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ փորձել է փոքր-ինչ այլ տեսանկյունից բացահայտել 132-րդ կաթողիկոսին:

- Հայր Սուրբ, արխիվներն ինչ են պատմում մեր Հայրապետի մասին:

- Արխիվները՝ այդ ինքնատիպ պատմաբանիչները, միշտ էլ առատ ասելիք ունեն մեծ գործիչների մասին: Այդպիսին է նաև մեր ներկայիս Ամենայն Հայոց Հայրապետը՝ եկեղեցական և ազգային մեծ գործիչ, ով իր ողջ կյանքը, անձը բոլորանվեր դրել է Տիրոջ Սբ Սեղանին՝ որպես պատարագ վասն Ազգի և Հայրենիքի: Տակավին ճեմարանական տարիներից մեր Վեհափառը երազել է, տեսիլք է ունեցել իր հոգեմտավոր աշխարհում՝ զորեղ Հայ Եկեղեցու, քրիստոսանվեր ժողովրդի և պերճաշեն ու բարօր Հայրենիքի: Ազգասիրությունն ու հայրենասիրությունը որպես արյուն են հոսել նրա երակներում: Վիեննայում ուսանելու տարիներին Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետին հղած իր անձնական նամակներում այդ ամենի վկայությունն ենք կարդում և զգում. սքանչելի Վիեննայում, ազատ ու կախարդիչ այդ վայրում նա ապրում էր աննման Հայրենիքի ու Մայր Աթոռի սիրով: Իսկ Արևմտյան Գերմանիայում ուսումնառության ու հովվական ծառայության ընթացքում նա Հայրենիքն ու հայությունը վերածնում էր հայ համայնքի հոգում՝ հայոց լեզվի դասընթաց կազմակերպելով ու վարելով, հայ երգի ու պարի խմբակներ ձևավորելով, Սուրբ Էջմիածինը մյուռոնադրոշմելով:

- Եվ ի՞նչը նրան բերեց Հայաստան:

- Նա պետք է լիներ մայր հայրենիքում. այդպես էր տենչում իր սիրտն ու հոգին, բայց, մանավանդ, այդ էր նախախնամում նրա հոգևոր Հայրը՝ Վազգեն Վեհափառը: Այո, խորհրդային այդ տարիներին շատ և շատ սակավ էին եկեղեցականները, սակայն նրանց մեջ կային անձեր, ովքեր կարող էին կոչվել հույժ կարևոր ու պատասխանատու այդ առաքելությանը: Այդուհանդերձ, հոգետես Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետն ընտրում է իր 30-ամյա սանին՝ Տ. Գարեգին աբեղա Ներսիսյանին և նրան է վստահում Խորհրդային Միության ամենամեծ և Հայոց Եկեղեցու առաջնագահ՝ Հայրապետական թեմի առաջնորդական տեղապահությունը: Եվ նա ամբողջովին արդարացնում է Վազգեն Վեհափառի այդ մեծ վստահությունը՝ իր բազմարդյունք առաջնորդությամբ: Ծաղկում է եկեղեցաշինությունը, իսկ 1988 թ. ազգային զարթոնքից ի վեր՝ թեմի հոգևոր կյանքը, մանկապատանեկան հոգևոր դաստիարակությունը, երիտասարդների հոգեխնամքը: Թեմում հառնում են Հայորդյաց տները, Մանրանկարչության արվեստի կենտրոնը, Վազգենյան հոգևոր դպրանոցը, «Շողակաթ» հեռուստաստուդիան, բարեգործական ճաշարանները, քրեակատարողական հիմնարկների հովվությունը և շատ այլ իրագործումներ: Եվ այդ ամենի իրականացման ժամանակ Գարեգին Վեհափառին աջակցում են մեր Եկեղեցու բարեպաշտ զավակները՝ Հայաստանից և Սփյուռքից: Վեհափառի գործն ու անձը մեծապես սիրվել, գնահատվել ու վստահության են արժանացել բարերար հայորդյաց կողմից, ովքեր շրջապատել են նրան և սիրահոժար կերպով միշտ արձագանքել նրա մշտահունչ կոչերին՝ իրենց առատ նվիրատվություններով մասնակցելով Գարեգին Սրբազանի եկեղեցաշինությանն ու հայրենանվեր գործերին: Եվ այդ ամենը տեսել ու լսել են, գոհացել ու մխիթարվել են և բարձրորեն գնահատել են Վազգեն Ա. և Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսները: Հատկանշական է, որ Գարեգին Ա. Հայրապետն իր ծանր հիվանդության շրջանում հենց ներկայիս Վեհափառին է ընտրում և նշանակում Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, որպեսզի նա իրեն հատուկ խորագիտությամբ ու ձեռնհասությամբ վարի Հայոց Հայրապետության գործերը: Ահա այս և նման այլ բազում իրագործումների մասին են պատմում Մայր Աթոռի արխիվները մեր 70-ամյա Վեհափառ Հայրապետի մասին:

- Կյանքի և գործունեության երկար ճանապարհ է, հետաքրքիր է՝ ի՞նչ սխալներ կարելի է տեսնել Հայոց Կաթողիկոսի տարեգրության մեջ:

- Ողջ Տիեզերքում կա միայն մի բնություն, ով անսխալական է՝ Արարիչ Աստված: Հետևաբար, մարդկային հասարակության մեջ ամեն մի անհատ կարող է նաև սխալվել: Սուրբ Ավետարանը մեզ ուսուցանում է, որ երբ տեսանելի է մի եղբոր սխալը, այդ մասին նախ և առաջ պետք է շտապել և ծածուկ կերպով նրա հետ խոսել, հուշել և օգնել, որ այն ուղղի: Առավել ևս, երբ խոսքը հոգևոր առաջնորդի մասին է, ևս առավել՝ Հայրապետի, բարոյական որևէ իրավունք չկա հանրային կերպով սխալը մատնացույց անելու, մանավանդ, որ այս պարագային ոչինչ կա նշելու:

Առաջնորդական և Հայրապետական ողջ առաքելության ընթացքում մինչ օրս ամեն ինչ կատարվել է խղճմտանքով, իմաստությամբ ու ճշգրտությամբ: Մենք միայն կարող ենք մատնանշել Հայոց Հայրապետի այն բոլոր ձեռնարկները, որոնք կոչված էին ուղղելու տարբեր ժամանակներում, զանազան պատճառներով հայ հոգևոր-ազգային կյանքում տեղ գտած սխալները: Զորօրինակ այս մեկը՝ դպրոցում երեխաներին հոգևոր կրթությունից զրկելու մեծագույն սխալը, որն ուղղվեց հայ դպրոցում հայ քրիստոնյա զավակին «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ավանդմամբ: Այս ազգակերտ, հոգևոր անվտանգություն ապահովող ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է:

- Իսկ ի՞նչ կասեք Հայրապետի հետ կապված ոչ ախորժալուր խոսակցությունների մասին, որոնք լսելի են մեր հասարակության մեջ:

- Գիտեք, տարիներ շարունակ տարբեր անձեր ու կազմակերպություններ, ներքին ու արտաքին անմաքուր աղբյուրներից սնվելով ու հովանավորվելով, նպատակ են հետապնդել հարվածներ հասցնել Հայոց Եկեղեցուն: Եվ, բնական է, որ այդ հարվածներից սաստկագույններն ուղղելու էին Ամենայն Հայոց Հայրապետին: Այո, մի զարմացեք, դա այդպես է, քանի որ մեր Եկեղեցու, ազգի և հայրենիքի թշնամյաց համար երբեք ցանկալի չէ, որ Հայոց կաթողիկոսը լինի հզոր անձ, տեսիլքով, ստեղծագործ ու շինարար: Այս 20 և ավել տարիների ընթացքում Գարեգին Վեհափառն անշեղ նպատակասլացությամբ միայն շենացրել ու բարեզարդել է Սուրբ Էջմիածինը, պայծառացրել է Հայաստանյայց Եկեղեցին, բազմացրել է հայ հոգևոր դասը կրթյալ ու նվիրյալ սպասավորներով, եկեղեցական-վարչական կառույցն ամրապնդել է՝ վերախարսխելով Մայր Աթոռի վեմին և կանոնակարգել՝ Մայր Աթոռում գումարվող ժողովական որոշումներով ու Հայրապետական վճիռներով: Խորհել ու գործել է միմիայն հօգուտ Հայրենի երկրի, ի շահ ազգի, ի լուծումն մեր ժողովրդյան արդար դատի և իղձերի կյանքի կոչման: Ըստ Եկեղեցու կարողությանց, Վեհափառն աջակցել է բանակաշինությանն ու Հայրենիքի պաշտպանությանը: Օժանդակություն է կազմակերպել ժողովրդի սոցիալական կարիքներին գոհացում տալու համար: Արդարորեն գնահատել ու մեծարել է մեր Ազգի արժանավոր ու վաստակաշատ զավակներին՝ նրանց կուրծքը զարդարելով մեր Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններով, նրանց գրչին, արվեստին, երգին ու խաղին օգնության ձեռք մեկնելով: Հայոց Եկեղեցու էկումենիկ ընկալումով ու ոգով Վեհափառ Հայրապետը զորացրել է նաև միջեկեղեցական կապերն ու հարաբերությունները: Որպես Հովվապետ նախանձախնդիր պահպանել ու պաշտպանել է քրիստոնեական հավատքով ձևավորված արժեհամակարգը, ինչպես նաև՝ աշխարհասփյուռ մեր ազգային ժառանգությունը: Քրիստոնեական լայնախոհության ոգով Հայոց Հայրապետն ամրապնդել է նաև բարեկամական հարաբերությունները համաշխարհային ավանդական կրոնների առաջնորդների հետ: Եվ միշտ ուշադիր ու հարգալից է գտնվել օտար պետությանց ղեկավարների ու ներկայացուցիչների նկատմամբ՝ խնդակցելով նրանց ժողովուրդներին և կիսելով նրանց պատահած վիշտը: Ահա, այս ամենի մասին պետք է խոսել ու լսել, քանի որ այս է աղաղակող իրականությունը, և ոչ թե մտացածին լուրերը: Եվ, վերջապես, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին էլ էին շատ խոսքեր տարածվում (այսօր էլ), սակայն Տիրոջ առաքյալներն իրենց վկայություններով ու գործերով քանդում և ջնջում էին այդ բոլոր զազրախոսությունները, և ճշմարտությունը միշտ հաղթանակում էր: Այսօր էլ և միշտ այդպես է՝ հիմա մենք էլ վկայում ենք և գործում ենք, վստահ ենք, որ ճշմարտությունը միշտ լույսի պես կփայլի, կփարատի ու կցրի ամեն խավար: Իր կյանքի ավելի քան 50 տարին Հայոց Հայրապետն ընծայել է Սուրբ Եկեղեցուն՝ այդ ճանապարհով իր բեղուն ծառայությունը բերելով Ազգին ու Հայրենիքին, և այդ ողջ ընթացքում նա միշտ վայելել է Ամենատես Աստծո օգնությունն ու զորակցությունը, իր սիրեցյալ ժողովրդի զավակաց անկեղծ սերն ու երախտագիտությունը:

- Եվ այսօր Վեհափառ Հայրապետը 70 տարեկան է դառնում…

- Այո, ու որևէ ժամանակ, որևիցե փորձության պահին Հայոց Հայրապետը մնաց անսասան՝ միշտ հավատարիմ իր հոգևոր կոչմանն ու առաքելությանը, իր կաթողիկոսական խոստմանն ու ուխտին, Սուրբ Էջմիածնին, ազգին ու հայրենիքին:

- Հայ ժողովուրդը հիմա կրկին դժվար ժամանակաշրջան է ապրում: Ինչպես բոլոր այսպիսի ժամանակներում, այժմ ևս եկեղեցու դերը կարևոր է: Եկեղեցին կարողանո՞ւմ է խաղաղ նավարկել ու անօրոր նավի մեջ պահել իր հավատացյալներին:

- Լիովին համաձայն եմ, և հենց դրա համար է, որ Արարիչ Աստված օրհնելով, ընդունելով ու արդյունավորելով Վեհափառի ջանքերը՝ առավել մեծ ծառայության առաջնորդեց, որպեսզի պատմության այս ժամանակահատվածում հենց նա վարի Հայոց փրկության տապանը՝ Հայաստանյայց Եկեղեցին: Եվ, փառք Տիրոջ, այս խառնակ ու փորձանաշատ ժամանակներում Հայոց Եկեղեցին նավարկում է խաղաղ, անվրդով, շրջահայացությամբ: Ուստիև, իր բազմափորձ կյանքով և մեծավաստակ անձով Հայոց Հայրապետը մեզ՝ հոգևոր սպասավորներիս համար օրինակելի է: Որքան ցանկալի է, որ Հայոց Հայրապետի կյանքն ու առաքելությունն օրինակելի դառնան նաև մեր աշխարհական անձերի, մանավանդ, հայրենիքին ու ազգին ծառայություն մատուցողների համար: Թող մեր Տերը երկար և արևշատ տարիներ շնորհի Ամենայն Հայոց Հայրապետին, որպեսզի շարունակի իրականություն դարձնել իր աստվածահաճո երազները, որոնցով, վստահ, առլեցուն է Վեհափառ Հայրապետի սիրտը: Եվ թող մեր Ազգը խաղաղ ու ապահով կյանքով ընդմիշտ վայելի նաև իր 132-րդ Կաթողիկոսի իրակերտումները:

 

 


© 2009 ARMENPRESS.am