Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր  

14:57, 19 Օգոստոս, 2021

ԳՅՈՒՄՐԻ,  19  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ  գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10  տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ  հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը:

Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Շենքերը լինելու են 4 հարկ, յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը գնալու է 15-18 բնակարանի մասին՝ առաջին փուլով: Բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով: Նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի հետո: Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը։

Արմենուհի Մխոյան

 

 


© 2009 ARMENPRESS.am