Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով

21:52, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս  Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման եւ արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել էր Կոստանդնուպոլիս (Հունաստանում օգտագործում են Ստամբուլի պատմական անունը), որպեսզի որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ ներկա գտնվի Պանագիա Սումելայի վանքում սուրբ պատարագին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինքը ՝ Վարիտիմիադիսը, «Իեֆիմերիդա» թերթին հայտնել է, որ ձերբակալությունից հետո իրեն աշխատասենյակից  աշխատասենյակ են տարել և խցում պահել 6-7 ժամ ։

«Իմ մատնահետքերը վերցրին։ Ինձ ոչինչ չեն ասել։ Բայց ինչպես ինձ փոխանցեցին հունական հյուպատոսությունից, ճնշումից հետո թուրքերը նրանց ասացին, որ ես վտանգավոր եմ և անցանկալի անձ եմ», - հայտնել է ֆեդերացիայի նախագահը։

Մայիսի 19-ին հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Համաձայն տարբեր գնահատականների, թուրքական քաղաքականության արդյունքում Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում ու այլուր։ Թուրքիան չի ճանաչում Պոնտոսի հույների ցեղասպանության փաստը եւ հանդես է գալիս հակընդդեմ մեղադրանքներով։


© 2009 ARMENPRESS.am