ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին

20:07, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և  քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և քաղաքացիներին Աֆղանստանից տարհանելու համար:

Գերմանիայի դեսպանատունը իր հերթին կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:

Իրենց քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին կամ երկիրը լքելու կոչով են հանդես եկել նաև Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան:

Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի պլանավորում տարհանել իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն, հավելելով, որ այդ խնդրանքով դեռևս ՌԴ քաղաքացի իրենց չի դիմել:

Իրավիճակն Աֆղանստանում վերջին շաբաթներին խիստ սրվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է դուրս բերել ամերիկյան բանակի ստորաբաժանումները:

Կարճ ժամանակաշրջանում թալիբները գրավել են մեծ թվով շրջաններ: Փորձագետները չեն բացառում, որ թալիբները մի քանի ամսում կարող են գրավել նաև մայրաքաղաք Քաբուլը:

 


© 2009 ARMENPRESS.am