Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

13:43, 7 Օգոստոս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համայնքների տնտեսական և սոցիալական  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ «Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։

Արդեն իրականացվել են խրամուղու փորման աշխատանքները, ընթացքի մեջ է կիսախողովակների տեղադրումը։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով:


© 2009 ARMENPRESS.am