ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից

21:49, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից և հայտարարություններից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով ՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:

 


© 2009 ARMENPRESS.am