ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն

19:12, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:

«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել են ԱԳՆ մամուլի կենտրոնից:

Բացի այդ, ՌԴ ներքին գործերի նախարարությունում հավելել են, որ այդ օրենքով նախատեսվում է նաև դաշնային պետական վերահսկողություն իրականացնել ռուսաց լեզվի քննության անցկացման պարտադիր պահանջների պահպանման, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին համապատասխան հավաստագրի տրամադրման նկատմամբ:

Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:

 


© 2009 ARMENPRESS.am