Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

18:57, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։

Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Էժեյին։

ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։


© 2009 ARMENPRESS.am