Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվել է 13.5 հա խոտածածկ տարածք

18:40, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 13։59-ին ահազանգ է ստացել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։25-ին։ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվել է 13.5 հա խոտածածկ տարածք։

 


© 2009 ARMENPRESS.am