Կարմիր խաչի առաքելությունը Հայաստանում

15:48, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Ի՞նչ առաքելություն են իրականացնում Հայկական կարմիր խաչի ընկերությունը և Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը, որո՞նք են նախանշված առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում, որո՞նք են համագործակցության շրջանակները։

«Արմենպրես»-ի փոդքաստ նախագծի շրջանակներում թեմայի վերաբերյալ խոսել են Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվական և  լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը և Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

-Բարև ձեզ։ Թերևս, սկսենք, անդրադառնալով  Հայկական կարմիր խաչի ընկերության ստեղծմանը, որպես ազգային ընկերություն։  Մանրամասնեք կոմիտեի հետ համագործակցության հիմնական ռազմավարական ուղղությունները։  Խնդրեմ Նունե

-Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստեղծվել է 1920 թվականին։ Անցյալ տարի լրացավ մեր ընկերության հարյուր տարին։  1993 թվականին, ընդունվելով  երկրում գործող միակ ազգային ընկերությունը, ճանաչվեց ֆեդերացիայի կողմից  և   մաս կազմեց միջազգային կարմիր խաչի մեծ շարժման։ Այդ տարիներին ձևավորվեցին այն ուղղությունները, որոնցով այսօր առաջնորդվում ենք։ Դրանք են՝ աղետների կառավարումը, բնակչության տեղաշարժը, սոցիալ-առողջապահական ոլորտը, առաջին օգնությունը, որոնում ծառայությունը, երիտասարդական հիմնախնդիրների  արձագանքումը, մարդասիրական արժեքների տարածումը և համագործակցությունը։  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ո՞ր թվականից է իր գործունեությունը սկսել այս տարածաշրջանում, որո՞նք են առաջնային և հիմնական դերն ու գործունեությունը: Խնդրեմ, Զառա:

-Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական կազմակերպություն է, և մաս է կազմում ու ակունքներում է միջազգային կարմիր խաչի և մահիկի շարժման։ Աշխատելով աշխարհի շուրջ  90-ից ավել երկրներում, այս տարածաշրջանում հայտնվել է 1992 թվականին՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Հանդիսանալով մարդասիրական,  չեզոք, անկողմնակալ և անկախ միջնորդ՝ ունի իր ուրույն և եզակի ներկայությունը  տարածաշրջանում, քանի որ միակն է, որն ունի գրասենյակներ Երևանում, Լեռնային Ղարաբաղում և Բաքվում։ Սա թույլ է տալիս մարդասիրական հարցերը բարձրաձայնել երկխոսության միջոցով, պահել գաղտնիությունը, որը բխում է մարդասիրական շահերից, որոնք տուժել են հակամարտության հետևանքով։  Որպես միջնորդ կողմ աշխատում ենք սկզբունքային,  մեր հանձնագրի շրջանակներում։ Քանի որ գործ ունենք մի զգայուն խնդրի հետ, որը վերաբերվում է գերեվարված անձանց, անհետ կորածներին։ Ինչ վերաբերվում է ՀԿԽԸ-ն հետ համագործակցությանն, այն առանցքային նշանակություն ունի, քանի որ մեր առաջնային գործընկերն է, և մենք  կիսում ենք մեր հիմնարար սկզբունքները։

-Ո՞րոնք են համագործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։

Նունե

-Համագործակցությունը շատ սերտ է, և  երբ արտակարգ իրավիճակներում՝ օրինակ ռազմական հակամարտության սրացումների դեպքում, ԿԽՄԿ-ն ստանձնում է ղեկավար դեր, անհրաժեշտություն է առաջանում մոբիլիզացնել ուժերը և իրականացնել արդեն իսկ համատեղ մշակված ծրագրերը։ Աղետների, համավարակների ժամանակ գործել նախապես համատեղ ծրագրված արտակարգ ռեժիմով։

-Եվ ես, այնուամենայնիվ,  կուզեի անրադառնալ այն թեմային, որը հանրության շրջանակում ամենից շատն է  քննարկվում և երբեմն շփոթմունք է առաջացնում։ Ռազմագերիները,  գերության մեջ հայտնված քաղաքացիական անձինք ունեն իրավունքներ, որոնք սահմանված են միջազգային մարդասիրական իրավունքով։   Ո՞րոնք են այն իրավունքները և լիազորություններ, որ թույլ են տալիս ձեզ զբաղվելու ռազմագերիների կամ ինչ-ինչ հանգամանքներում գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդրով։

Զառա

-Ինչ վերաբերվում է հանձնագրի առաքելությանը այս խնդրի առնչությամբ, այն ամրագրված է միջազգային մարդասիրական իրավունքով և Ժնևի կոնվենցիաներով, որը ստորագրված է մեր երկրի կողմից և թույլ է  տալիս  ԿԽՄԿ-ին գործել անկախ, անկողմնակալ, չեզոք միջնորդ և ունենալ հնարավորություն տեսակցել բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում են հակառակ կողմում հակամարտության հետևանքով։ Կարևոր է այստեղ նշել, որ ԿԽՄԿ-ն, լինելով բացառապես մարդասիրական և չլինելով քաղաքական կազմակերպություն, չի ընդգրկվում բանակցությունների մեջ և չունի լիազորություններ մարդկանց ազատելու կամ քրեական գործեր կարճելու։ Մեր դերը կայանում է նրանում, որ քանի դեռ մարդիկ գտնվում են գերության մեջ  և ունեն ամրագրված իրավունքներ, դրանք  պատշաճ իրականացվեն։ Եվ կապ չունի, դա քրեական դատավարության պայմաններում գտնվող անձինք են, թե ռազմագերու կարգավիճակ ունեցող։ Մենք փորձում ենք մինչև վերջին օրը պահել կապը՝ քանի դեռ որոշվում է նրանց ճակատագիրը։
-Մի փոքր մանրամասնեք, ի՞նչպես է իրականացվում այդ գործընթացը։

-Դա արվում է այն պահից, երբ ստանում ենք պաշտոնական հաստատում, որ տվյալ անձինք գտնվում են հակառակ կողմում։ Առաջին քայլն է տեսակցել այդ անձանց, գրանցել՝ փաստացի կանխելով հետագա անհետացումը։ Ունենում ենք առանձնազրույցներ և օգնում ենք այդ այցերի ընթացքում կապ հաստատել հարազատների հետ, քանի որ, ցավոք,  այլ հնարավորություն այլևս նրանք չունեն։ Այս ընթացքում, եթե կողմերը գալիս են համաձայնության, որը հանգեցնում է տվյալ անձանց ազատ արձակելուն, մենք կարող ենք մասնակցել և կազմակերպել այդ գործընթացը։ 

-Ինչպես եք արձագանքել այս տարի մեզ վրա հասած համավարակին։ Արդյո՞ք պատրաստ էիք։  Ինչ նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվել ձեր կողմից՝ COVID-19-ի շրջանակներում։

-Երկրում արտակարգ դրություն հայտարարվելու առաջին իսկ օրից` մարտի 16-ից, միացանք պարետատան խմբին և ընդգրկվեցինք այդ հանձնաժողովի կազմում, որտեղ ներգրավված էին նախարարությունները։ Մեզ հանձնվեց միայնակ տարեցների և անժառանգների  խումբը, որոնց աջակցություն հանձնվեց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթի տեսքով, նախատեսված մեկ ամսվա համար։  Մեր կամավորները այդ օգնությունները հասցնում էին շահառուների տները։ Յոթ ամսվա ընթացքում աջակցել ենք երեսունվեց հազար հոգու։ Այնուհետև այդ խմբին ավելացան նաև մեկուսացվածները` անկախ սոցիալական կարգավիճակից, որոնք պետք է տանը մնային։ Այդ ընթացքում վերապատրաստվեցին հազար հինգ հարյուր կամավորներ և նախնական փուլում և ընթացքում իրականացվեցին իրազեկման ակցիաներ։ Գործարկվեց թեժ գծի ծառայությունը, ավելի արագ և օպերատիվ արձագանքելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Սերտորեն աշխատել ենք  կառավարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների հետ։ Այդ շրջանում ավելացավ մեր գործընկերների թիվը. դրանք հատկապես տեղական արտադրողներն էին։ Եվ մենք իսկապես շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած մեծաքանակ օգնության և աջակցության համար։ Ցավոք, տարին սրանով չավարտվեց, և մենք ստիպված եղանք արձագանքել Ղարաբաղյան հակամարտության սրացմանը և այս դեպքում ևս մեր գործընկերների աջակցությամբ երեք միլիարդ դրամի օգնություն բաժանվեց տեղահանվածներին։ Միացանք պետության ծրագրին՝  ԿԽՄԿ-ի աջակցությամբ ամեն հյուրընկալող ընտանիք ամեն չափահասի դիմաց  ստացավ երեսուն հազար դրամ։ Մեր վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել 364 զինծառայող։ Վիրավոր զինվորներին տրամադրվել են հենակներ, սայլակներ։

-Ասելիքը շատ է՝ շրջանակը լայն, բայց փորձենք ամփոփել։

-Իսկապես շրջանակը լայն է, ինչպես մեծ են հետևանքները։ Այս ընթացքում բազում մարտահրավերներով շրջան էր մեր կազմակերպությունների համար։ Եվ մեր համատեղ աշխատանքներն ու ծրագրերը դեռ շարունակվում են, թե՛ այստեղ՝ տեղահանվածների, և թե՛ Լեռնային Ղարաբաղ հետ վերադարձող ընտանիքների ուղղությամբ։ Մեր կազմակերպությունը մեծ դեր խաղաց՝ միանալով ռուս խաղաղապահների հետ որոնողական աշխատանքներին  և պահելով չեզոք միջնորդի  կարգավիճակ։ Մենք հիմա անցել ենք արագ արձագանքից մինչև պլանավորված ծրագրերի իրականացմանը և փորձում ենք  համայնքների և պետական մարմինների հետ համատեղ ապահովել մարդկանց վերադարձը իրենց բնականոն կյանքին, մասնավորապես, սահմանամերձ գոտում հայտնվածներին։ Եվ ԿԽՄԿ-ն, երկար տարիներ ունենալով միայն մեկ գրասենյակ Երևանում, վերջերս երկու  նոր գրասենյակ է բացել Իջևանում և Գորիսում՝  հաշվի առնելով, որ երկարել է միջազգային սահմանագիծը։ Եվ սա թույլ է տալիս ավելի արդյունավետ արձագանքել մարդկանց անվտանգության խնդիրներին սահմանամերձ շրջաններում։

-Շնորհակալ եմ, որ եկաք։ Կարծում եմ անհրաժեշտ և ծավալուն զրույց ստացվեց։ Քանի որ հնչեցին մեր հանրությանը հուզող բազում հարցերի պատասխաններ։

Զրույցը վարեց Տաթև Զաքարյանը։


© 2009 ARMENPRESS.am