Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները

10:26, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


© 2009 ARMENPRESS.am