ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել

17:44, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկություն, քվեաթերթիկներում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 

«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց Բաբայանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ այս առաջարկն ընդունվեց:

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցել քվեարկությանը:

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 

 


© 2009 ARMENPRESS.am