Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե, Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալի համար

14:16, 2 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը ավարտեցին ելույթները Օլիմպիական խաղերի  կիսաեզրափակիչ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը մրցեց Ղրղզստանից Ակզոլ Մախմուդովի հետ և զիջեց 2-6 հաշվով: Չալյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նա կմրցի Իրանից Մոհամադալի Հերայ հետ: Գոտեմարտը  կկայանա օգոստոսի 3-ին:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Այնուհետ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ և գերազանցեց 2:1 հաշվով: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկում գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով: Հետո էլ պարտության մատնեց Արվի Սավոլաինենի` 1:5 հաշվով:

 


© 2009 ARMENPRESS.am