Թբիլիսիում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի դին

18:50, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ - ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ նշելով, որ սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե նրա դին հայտնաբերել են իր բնակարանում, սակայն ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Հուսեյնը ընկել է բազմահարկ շենքի պատուհանից:

Ըստ վրացական լրատվամիջոցի՝ Բակիխանովի ծանոթները չեն բացառում, որ նրա մահը կարող էր ձեռնտու լինել Ադրբեջանի կառավարությանը: Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամադովի խոսքով՝ մահվանից երկու օր առաջ Հուսեյնը իրեն պատմել է Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիների հետ տեղի ունեցած կռվի մասին: Բլոգերը ենթադրում էր, որ այդ մարդիկ Բաքվի հրահանգով են իր վրա հարձակվել: Մամադովը հաղորդել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրում Վրաստանից, քանի որ հետապնդումների էր ենթարկվում իր հայրենիքում:

Հուսեյն Բակիխանովը ձերբակալվել էր 2021 թվականի մայիսի 7-ին Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ: Նա դատապարտվել էր 15-օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանության կողմից խոշտանգումների է ենթարկվել, նրանք նաև սպառնացել են բռնաբարել իրեն:


© 2009 ARMENPRESS.am