Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին

16:36, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ ստացան, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրա մեքենայի ուղղությամբ։

Ոստիկանության ծառայողները ժամը 12.30-ին կրակողին հայտնաբերել ու բերման են ենթարկել Վարդենիսի բաժին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am