Ձերբակալվել են տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք

16:32, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։

Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։ Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։ Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։ Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։ Պարզվել է նրա հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը՝ Էջմիածնի 27 և 32 տարեկան բնակիչներ: Նրանք նույն օրը Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանցագործության գործիք մարտական նռնակը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  


© 2009 ARMENPRESS.am