Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին

19:58, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական արտադրությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները:

«Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով դրսևորում է առաջանցիկ աճ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 620 մլրդ դոլար՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,4 տոկոսով: Վերամշակող արդյունաբերության ծավալը կազմել է 402 մլրդ դոլար՝ աճելով 6,5 տոկոսով: 

Ըստ աղբյուրի՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը Բելառուսում կազմել է 10,4 տոկոս, Ռուսաստանում՝ 4,4, Հայաստանում՝ 2,1, Ղազախստանում՝ 1,5 տոկոս: Ղրղզստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10,6 տոկոսով:    

ԵՏՀ տվյալներով՝ Եվրոպական միությունում 2021 թվականի հունվար-մայիս հատվածում արդյունաբերությունն աճել է 0,5 տոկոսով, իսկ Չինաստանում աճը կազմել է 15,9 տոկոս:  


© 2009 ARMENPRESS.am