«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ԿԵԱԿ-ը և «Վահագն Հայրապետյան տրիոն» համերգ են տվել Կապանում և Գորիսում

18:28, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և «Վահագն Հայրապետյան տրիոն» «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին և 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել համերգներով՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և «Վահագն Հայրապետյան» տրիոն (տրիոյի կազմում՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Մակար Նովիկով (կոնտրաբաս)): Համերգների դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը, մենակատարները՝ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Դանիել Մելքոնյանը (շեփոր):

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով այդ օրերին գտնվում էր Սյունիքի մարզում և ներկա է եղել Կապանի մշակույթի տանը կայացած համերգին: Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին Կապանը 2021 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և նշել, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորների հոբելյաններին, մեկնարկում է հենց Կապանից:

«Հերթական անգամ ապացուցվեց, որ մշակույթն ամենաստույգ և փորձված միջոցն է հանրային լավատեսություն առաջացնելու, համավարակի հետևանքով  խաթարված շփումներն ու մարդկային հաղորդակցությունը վերականգնելու տեսանկյունից, մանավանդ այս համերգաշարը՝ նվիրված երկու մեծանուն հայերի, ովքեր միայն հիացմունքի, հպարտության, արժանապատվության զգացում են առաջացնում»,- ասել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում նմանօրինակ համերգաշարերն ու ծրագրերը սահմանամերձ համայնքներում լինելու են շարունակական:

Նախարարության տեղեկացմամբ՝  հոբելյանական համերգների ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:


© 2009 ARMENPRESS.am