Համարանիշեր գողացած ու մեքենաների տերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

18:26, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կալանավորվել է Աբովյանում համարանիշեր գողացած ու մեքենաների տերերից շորթմամբ փող հափշտակած անձը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշեր գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերել ու բերման են ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակել հետախուզական միջոցառումները՝ 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք է տվել հուլիսի 23-ին։ «Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հունիսի լույս 10-ի գիշերը նա գողացել էր Աբովյան քաղաքի տարբեր մասերում կայանված «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների համարանիշերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 500, 150 և 400 հազար դրամ արժեքով, հետո տերերից շորթմամբ հափշտակել էր ընդհանուր 250 հազար դրամ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից, որի տեղեկացմամբ՝
երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է,իսկ դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am