13 բնակելի տարածքներ կնվիրվեն դրանք զբաղեցնող քաղաքացիներին

17:45, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված մի շարք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, Պետական գույքի կառավարման կոմիտե տեղաբնակ քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումները, 13 բնակելի տարածքների բնակիչներին (13 ընտանիք), համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, կնվիրվեն քաղ. Երևան, Մոլդովական 29/1, Շիրակի 2/32, Լոռու մարզ, գյուղ Ագարակ, 13-րդ փողոց, 6-րդ շենք, Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, փող 13, շենք 12/1, Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան և Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեներում իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Որոշման արդյունքում կլուծվի ոչ միայն նվիրառու քաղաքացիների բնակապահովության խնդիրները, և կբարելավվեն նրանց սոցիալական պայմանները, այլև նրանց շրջանում կխթանվի անմխիթար վիճակում գտնվող հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծումը։

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշմամբ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականության ապահովմամբ:

 


© 2009 ARMENPRESS.am