Տոկիո-2020. Սիմոնը հարմարվել է և սպասում է իր ելույթին. Վիգեն Խաչատրյան  

11:14, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը լավ հարմարվել է Օլիմպիական խաղերում և սպասում է իր մրցելույթին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Վերջինս անդրադարձավ ծանրամարտի կանանց մինչև 59 կգ քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցչի` Իզաբելա Յայլյանի մրցելույթին` ասելով. «Այսօրվա դրությամբ Իզաբելան կարող էր այսքանը, թեպետ մենք շատ մոտ էինք մեդալին: Եթե նա իր բոլոր մոտեցումները կատարեր, գուցե և մեդալ ունենայինք: Մենք  դժգոհ չենք նրա ելույթից: Բայց տեսանելի էր, որ կարող էինք ավելին»:

Խաչատրյանի խոսքով` Սիմոն Մարտիրոսյանը լավ հարմարվել է Օլիմպիական ավանում և շարունակում է նախապատրաստվել: «Սիմոնը հարմարվել է և սպասում է իր ելույթին: Մոտեցել ենք այն քաշին, որում կարող ենք հաջողություն ունենալ: Լավ տրամադրությամբ ենք սպասում ամսի 3-ին` մրցման օրվան»,- ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ-ն, այնուհետև` 95 կգ-ն, սակայն երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 97 կգ-ն:

Հրում վարժության առաջին մոտեցմանը հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 110 կգ-ն, սակայն տապալեց երկրորդ և երրորդ մոտեցումները ` չպահելով 115 կգ-ն: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ  հորիզոնականը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում իր մրցելույթը կսկսի օգոստոսի 3-ին Երևանի ժամանակով 14:45-ին:


© 2009 ARMENPRESS.am