«Երևանյան բեսթսելեր». առաջատարը «Չխրատվող ժողովուրդն» է. փաստավավերագրական, հունիս, 2021

10:30, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։

Առաջին հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Այս ժողովածուում ընդգրկված խորհրդածություններում և հոդվածներում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Երկրորդ տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և ձգտում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երրորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք  և ազատություն» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպես նաև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: 

Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը չորրորդ տեղում է: Ռոբին Շարման իր հերթական բեսթսելերում՝  «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գրքում, շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից  դարձնել բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը... Կյանքի նպատակը նպատակային կյանքն է...

Հինգերորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացանկի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը յոթերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել...

Ութերորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» իններորդ հորիզոնականում է: Այս ժողովածուն ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։

Տասներորդ տեղում է Էշլի Վենսի  «Իլոն Մասկ» գիրքը: Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Գարեգին Նժդեհ

«Չխրատվող ժողովուրդը»

Վերնատուն 235
2 -1

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 223
3 0

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 169
4 -2

Ռոբին Շարմա

«Ով լաց կլինի, երբ դու մահանաս»

Բուկինիստ 90
5 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 89
6 +1

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Նոր գրախանութ 74
7 -3

Ռոբին Շարմա

«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»

Բուկինիստ 74
8 +2

Յուվալ Նոյ Հարարի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»

Newmag 72
9 0

Մոնթե Մելքոնյան

«Պայքարելու իրավունքը»

Վերնատուն 64
10 -2

Էշլի Վենս

«Իլոն Մասկ»

Newmag 54

© 2009 ARMENPRESS.am