Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են. Ժոնաթան Լաքոտին ու Գայանե Մելքոմ Մելքոմյանին ներկայացրին աշխատանքները

14:36, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի հնավայրում Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացվեցին 2021 թվականի առաքելության ուսումնասիրությունների արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքոմ Մելքոմյանն ու Լաքոտը շրջեցին հնավայրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ասուլիսով հանդես եկան:

«Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի կարևոր համագործակցություններից մեկն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, լինելով մեր կարևորագույն հուշարձաններից, մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Ե՛վ այս ծրագրով, և՛ այլ նախաձեռնություններով մենք փորձում ենք խթանել արգելոց-թանգարանի զարգացմանը»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

[gallery id= 65002]

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ ընդգծեց, որ այս ժառանգությունը բավական կարևոր է Երևանի  և ընդհանուր տարածաշրջանի պատմության համար:

«Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի մաս է կազմում: Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է ժառանգության պահպանման համագործակցություն, քանի որ հայկական ժառանգությունը վտանգված է: Մենք ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունն ու արժևորենք»,- նշեց Լաքոտը:

Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ շեշտեց, որ այս հնավայրը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանի հնագիտության ուսումնասիրության համար:

«Այս ուսումնասիրությունների մասին տեղյակ են բազմաթիվ հնագետներ և ամենահեղինակավոր ուրարտագետների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքին»,- ասաց Բադալյանը:

2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր:


© 2009 ARMENPRESS.am