Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը ՕԽ մենախաղի 4-րդ շրջանում է  

13:56, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում թենիսի տղամարդկանց երրորդ շրջանի մենախաղում Ջոկովիչը մրցեց Իսպանիայից Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի հետ: 1 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում սերբը հաղթեց 6:3, 6:1 հաշվով:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումներն անցկացվում են 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն եղել:


© 2009 ARMENPRESS.am