ՀՀ նախագահը ցավակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

12:53, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հերթական ոտնձգության կապակցությամբ:  «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:

Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:

Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին»: 

 


© 2009 ARMENPRESS.am