Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցը
18:38, 27 Հուլիս, 2021ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, այս պահին ընթանում են ասֆալտի հին շերտի քանդման եւ մայթերի նորոգման աշխատանքները: Փողոցի հիմնանորոգումը կատարվում է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի եւ ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 307 միլիոն 291 հազար դրամ է, որից համայնքի բյուջեի ներդրումը կազմում է 169 միլիոն 10 հազար դրամ,որը ընդհանուր գումարի 55 տոկոսն է, իսկ պետական բյուջեից հատկացվում է 138 միլիոն, 281 հազար դրամ, կամ ընդհանուր գումարի 45 տոկոսը:
Նախատեսվում է ասֆալտապատել Հենրիկ Աբրահամյան-Բուռնազյան փողոցների խաչմերուկից մինչեւ Բուռնազյան 2-րդ փողոցի խաչմերուկ հատվածը: Տեղադրվելու են մայթերի եզրաքարեր եւ ջրահեռացման վաքեր: Ծրագրի կապալառուն Գավառի ՃՇՇ-ն է: Ճանապարհը հիմնանորոգվում է 1 կիլոմետր 100 մետր երկարությամբ եւ 8825 քառակուսի մետր մակերեսով: Եվս 5631 քառակուսի մետր ասֆալտապատում կարվի մայթերում, 2031 քառակուսի մետր՝ մուտքերում եւ ուղիներում: Երկաթբետոնյա վաքեր կտեղադրվեն 860, մայթերի բազալտե եզրաքարեր՝ 1400 գծամետր երկարությամբ:
Բուռնազյան փողոցի վրա են գտնվում թաղամասի մանկապարտեզի եւ թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքերը, ինչպես նաեւ՝ Գավառի ավտոդպրոցի շենքը։ Այս առումով եւս կարևորվում է փողոցի հիմնանորոգումը: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am