Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցը հայտնի է

16:36, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մոտենում են 1/8 եզրափակիչի մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Արման Դարչինյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Անդրեյ Չեմեզը:  

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը և ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը. նա պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային:  Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով 7-րդն է: Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

 


© 2009 ARMENPRESS.am