Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է

21:35, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Հյուրընկալող պետության ներկայացուցիչներն ունեն 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ (ընդհանուր` 13 մեդալ), երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է 7 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 14 մեդալ) և եռյակը եզրափակում է Չինաստանի ընտրանին` 6 ոսկի,  5 արծաթ, 7 բրոնզ (ընդհանուր` 18 մեդալ):

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:


© 2009 ARMENPRESS.am