Տիկնիկային թատրոնի տնօրենը դրական է գնահատում պատվաստվելու դեպքում խրախուսական միջոցառումների անցկացումը

20:23, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դրական է գնահատում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ պատվաստվողների թիվը մեծացնելու նպատակով խրախուսական ծրագրերի մշակումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում պատվաստվողների թիվը մեծացնելու համար գերատեսչությունը նոր խրախուսական ծրագրեր է մշակել: Նա ընդգծել էր, որ հետաքրքիր գործիքակազմ են մտածել՝ ուշադրությունն ուղղելով դեպի մշակույթ և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում են, որ հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական նմանատիպ միջոցառումներ ևս տեղի ունենան:

«Համավարակի դեմ պայքարելու իրական տարբերակը պատվաստումն է և նման ձևով մարդկանց խրախուսելը շատ դրական եմ համարում: Առհասարակ քաղաքացիներին խրախուսելը լավ տարբերակ է, արտասահմանում էլ նման քայլեր անում են: Առողջապահության նախարարությունից թատրոնի տոմսերի ձեռք բերման վերաբերյալ մեզ դեռևս չեն դիմել, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կասեն, թե ինչ մեխանիզմով է այդ ամենն իրականացվելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաբայանը և հավելեց, որ անձամբ ինքն արդեն պատվաստվել է և ճիշտ է համարում այդ քայլը:

 


© 2009 ARMENPRESS.am