Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

23:59, 24 Հուլիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միագրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Թանդիլյանն Ադբրեջանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։

Հուսով եմ, Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»,- գրել է Թանդիլյանը։


© 2009 ARMENPRESS.am