Կամերային երգչախումբը համերգով տոնեց Հարություն Թոփիկյանի 70-ամյակը

21:04, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է, համերգային ծրագրով նշեց խմբավար, երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի 70-ամյակը:

Հոբելյանական համերգը, որի շրջանակում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործությունները, տեղի ունեցավ հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն Վիլյամ Վայներն ասաց, որ մաեստրո Հարություն Թոփիկյան մարդու, մասնագետի, խմբավարի, բարեկամի մասին կարելի է անվերջ խոսել: «Նա շատ վառ անձնավորություն էր: Անգամ  այսօր շարունակում եմ ներկա ժամանակով խոսել նրա մասին: Կորուստը չափազանց մեծ է, հարվածն ուժեղ էր, և մեր խնդիրն էր հավաքվել, լինել կուռ, միասնական, որպեսզի այն, ինչ ստեղծեց մաեստրոն շարունակի իր կյանքը, ունենա երկար ստեղծագործական ճանապարհ: Մենք կարողացանք պահպանել դա և նոր էջ բացել թե՛ ծրագրային, թե՛ համերգային գործունեությամբ: Այն, ինչ ստեղծեց Թոփիկյանը գունապնակ է, որն ուրույն տեղ ունի մեր մշակութային կյանքում»,-շեշտեց Վայները:

Նրա խոսքով՝ իրենց առաքելությունը Կոմիտասի երգչախմբային արվեստի հանրահռչակումն էր: Երգչախումբը ձգտել է Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից զատ ձայնագրել և երաժշտասերներին մատուցել Կոմիտասի մյուս գործերը: Երգչախումբը ձայնագրել է կոմիտասյան հինգ սկավառակ, որոնցում ներառված են հեղինակի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր շարքերը:

[gallery id= 64990]

Վայները տեղեկացրեց, որ ձայնագրել են նաև Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Համասյանի ստեղծագործությունները: «Մենք շատ ենք հպարտանում, որ կարողացանք իրականացնել մաեստրո Թոփիկյանի երազանքն ու ձայնագրեցինք Հովհաննիսյանի գործերը: Շեշտում եմ դա, որովհետև ամբողջ կյանքի ընթացքում կատարել ենք Էդգար Հովհաննիսյանի երգչախմբային գործերը,  ժողովրդական երգերի մշակումները: Մեծագույն խանդավառությամբ սկսեցինք ձայնագրությունները և  հինգերորդ գործի ավարտին ամբողջ երգչախումբը վարակվեց կորոնավիրուսով: Ձայնագրությունն ընդհատվեց: Բոլորը պայքարեցին, իսկ մաեստրոն չկարողացավ հաղթահարել: Ամենամեծ ցանկությունն էր ավարտել ձայնագրությունը: Մենք դա արեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ խմբավար Քրիստինա Ոսկանյանին»,-պատմեց երգչախմբի տնօրենը:

Նա շեշտեց, որ մինչ օրս 16 CD են ձայնագրել, ինչը մեծ ավանդ է երաժշտական կյանքում, և երգչախումբը շարունակում է այս ուղին: Վայները հույս ունի՝ դեռ շատ-շատ համերգներով ու այլ նախաձեռնություններով հանդես գալ:

Վիլյամ Վայները կարևորեց նաև արտերկրյա համերգների դերը՝ նշելով, որ Տիգրան Համասյանի հետ հարյուր համերգով են հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում, այցելել են նաև Արևմտյան Հայաստան: «Ցանկանում եմ՝ մեր ուղին լինի պտղաբեր, որպեսզի կարողանանք պահպանել այն որակը, որն ունենք, ավելի ծաղկացնել երգչախումբն ու մեր երաժշտությունը մատուցել աշխարհի տարբեր բեմերում»,-եզրափակեց Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրենը:

1996 թվականին Հարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ, իսկ 2009 թվականին ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Թոփիկյանի դիրիժորությամբ երգչախմբի իրականացրած շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար բազմիցս արժանացել է պետական պարգևների։  

Հայ երգչախմբային արվեստի երախտավոր Հարություն Թոփիկյանը կյանքից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:

Անժելա Համբարձումյան

 


© 2009 ARMENPRESS.am