Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին

20:17, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 23-ին ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

 

 


© 2009 ARMENPRESS.am