Քաղաքակիրթ մոտեցում, թե ԶԼՄ-ների վրա ազդելու փորձ. փորձագետն անդրադարձել է դատական հայցերի ավելացմանը

15:48, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված  ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց երկրորդ եռամսյակում գրանցվել է 20 այդպիսի դեպք։

«Մեզ համար ակնհայտ էր լրատվամիջոցների բևեռացումը, տարբեր քաղաքական և բիզնես-շրջանակներին ծառայելը: Ահա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության հետևանքն եղավ այն, որ զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Երկրորդ եռամսյակում կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 դեպք: Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

«Նկատելի է պաշտոնյաների կողմից, քաղաքական գործիչների կողմից ներկայացրած հայցերի քանակը: Բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքերով են: Մենք հետևելու ենք բոլոր գործընթացներին»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերի ցուցանիշը բարձր է և մտահոգվելու տեղիք է տալիս:  Արդյոք դատական հայցերի թվի ավելացումը դիտարկվո՞ւմ է ԶԼՄ-ների վրա ազդելու միջոց, թե քաղաքակիրթ մոտեցում է խնդիրները պարզաբանելու գործում: Հարցին ի պատասխան Աշոտ Մելիքյանը նշեց, որ երկու մոտեցումները կարելի է հաշվի առնել, թեպետ յուրաքանչյուր գործ պետք է դիտարկել առանձին:

«Իհարկե, դատարան դիմելը շատ ավելի քաղաքակիրթ մոտեցում է, քան մռութ ջարդելը կամ տեսախցիկներ կոտրելը: Թեպետ, շատ հաճախ քաղաքական գործիչներն այսպիսի պատկերացում ունեն՝ կդիմեմ դատարան ու դաս կտամ լրատվամիջոցին: Եվ այն դեպքում, որ չկա զրպարտության պահ: Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցն իսկապես չափն անցել է, չի էլ համաձայնել պատասխան, հերքում հրապարկել և այլն»,-ասաց Աշոտ Մելիքյանն՝ ընդգծելով, որ բազմաբնույթ ու բազմազան են այդ տեղեկատվական վեճերը, հետևաբար դրանք պետք է առանձին վերլուծել:


© 2009 ARMENPRESS.am