Այս պահին ամենաշատ աշխատանքի հայտարարությունները կան համացանցում. Վահան Քերոբյան

13:53, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ իր գրառմանը, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել «բերման ենթարկել» խոպան գնացած իրենց հարազատներին, քանի որ Հայաստանում աշխատանքի պահանջարկ կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դա եղել է կատակ: «Իմ կոչով փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ հիմնական աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր գտնել, հատկապես`իմ նշած ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում հովիվների պակաս կա ու մարդիկ ստիպված տարբեր երկրներից են հովիվներ բերում:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ փաստ կարող է հրապարակել իր ասած տեղեկատվության վերաբերյալ, մասնավորապես, ո՞վ է դիմել հովիվ փնտրելու համար, նախարարի պաշտոնակատարը նշեց՝ Դպրաբակ գյուղից Վրեժ Վարդանյանը: «Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություն: Այս պահին ամենաշատ աշխատանքի հայտարարությունները կան համացանցում տարբեր ոլորտների վերաբերյալ»,- ընդգծեց Քերոբյանը:

Հարցին՝ օրինակ, արտերկրում հաջողության հասած հայերը ինքնակամ կգա՞ն իր նշած ոլորտներում աշխատելու, նա պատասխանեց. «Վերջերս նշանակել եմ 2 փոխնախարար, որոնք վերադարձել են արտերկրից՝ մեկը Ռուսաստանից, մյուսը Հոլանդիայից: Իմ խորհրդականների մեջ կան Գերմանիայից, Շվեյցարիայից և Լյուքսեմբուրգից վերադարձած կամ հեռավար աշխատող մարդիկ, ովքեր շատ-շատ օգնում են մեզ փոխել էկոնոմիկայի նախարարության աշխատանքն ու համահունչ կամ մոտիկ դարձնել միջազգային ստանդարտներին»,- ասաց նա:

 


© 2009 ARMENPRESS.am