Երասխի հատվածում անցած գիշեր իրավիճակը եղել է նորմալ. մարզպետ

12:15, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում անցած գիշեր եղել է նորմալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:

«Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բնակիչների շրջանում խուճապ չկա:

Վերջին օրերին իրավիճակը լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակոցներ են արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ականանետեր: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

 


© 2009 ARMENPRESS.am